Ղարաբաղյան հակամարտության արդյունքում գերիների եւ անհետ կորածների խնդիրներին միջամտելու փորձեր դատարկաբանների կողմից պարբերաբար ձեռնարկվում են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով թուրք գործիչ Հեքսալ Գյուլբեյի՝ գերիների եւ անհետ կորածների խնդրով հետաքրքրվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումները։

Աշխատանքային խմբի ղեկավարն ընդգծեց, որ հիմնականում նման գործիչներն անհրաժեշտ պատկերացում չունեն առարկայի մասին, որի շուրջ բարձրագոչ հայտարարություններ են անում՝ ինչպես երեւում է ոչ անհայտ Հեքսել Գյուլբեյի հայտարարությունից։

«Այսպես կոչված, տվյալ հասարակական գործիչը հայտնի է իր վառ արտահայտված հակահայկական դիրքորոշմամբ, որը երբեմն պարանոյիդ փսիխոզի է հասնում։ Մեզ միայն գերիների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող ֆաշիստներն էին պակասում, բայց ըստ երեւևույթին, դա իր բացատրությունն ունի։ Համարձակվում եմ ենթադրել, որ 2012 թվականին Թաքսիմում հայտնի իրադարձություններից եւ 2015 թվականին Աղթամարում հայկական պատարագը խափանելու փորձից հետո Գյուբեյի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը նվազեց եւ տվյալ պոպլուիստական հայտարարություններով՝ նա հիշեցրել է իր մասին։ Սովորական հիստերիա։

Սակայն ժամանակավորապես հանգիստ թողենք Գյուլբեյի անձն ու անդարադառնանք նրա հայտարարությանը։ Առաջին, աբսուրդ է պնդումը, որ 25 տարի անընդմեջ մենք հերքել ենք մեզ մոտ ադրբեջանցի գերիների առկայությունը։ Դատարկաբանելու եւ հեղինակավոր միջազգային կազմակերպություների անգործության մեջ մեղադրելու փոխարեն՝ Գյուլբեյը պետք է ուսումնասիրեր համապատասխան արխիվներն ու մամուլում հրապարակված նյութերը՝ ստույգ իմանալու համար, թե տարբեր ժամանակներում մենք քանի՞ գերի են վերադարձրել։ Իսկ եթե Գյուլբեյի համար բարդ է ուսումնասիրել փաստաթղթերը, նա գոնե կարող էր չծուլանալ եւ ծանոթանալ Ադրբեջանի պետական հանձնաժողովի 2016 թվականի տվյալներին, որը անցյալ տարվա հուլիսին եւ դեկտեմբերին ներկայացրել են Աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ահունդովը եւ նրա տեղակալ Էլդար Սամեդովը՝ ԱՊԱ եւ Day.az գործակալությունների թղթակիցներին տված հարցազրույցներում, որոնցում տվյալ պաշտոնատար անձինք հայտնել են ավելի քան 1400 Ադրբեջանի քաղաքացու՝ գերությունից վերադարձի մասին։ Եվ պետք է նշեմ, որ անցած տարիների ընթացքում մեծ ու զգալի է նույն այդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ նույն այդ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության դերը՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների հայրենադարձման հարցում։ Եվ այն, թե ինչպես է Գյուլբեյը մեղադրանքներ տեղում այդ կազմակերպությունների հասցեին, ցույց է տալիս ոչ միան նրա աննրբանկատությունը, այլեւ նրա խոսքում քաղաքական էթիկայի լիովին բացակայությունը։

Երկրորդ, արդյո՞ք մեզ, մեղմ ասած, չափազանց տարօրինակ չի թվում, որ «հակառակ կողմի ներկայացուցիչներին գերի պահող» եւ «դեռ նրանց քաղցած ու ծարավ պահող» հակամարտության կողմը պայմաններ չի ստեղծում Իրանի եւ Վրաստանի որոշ քաղաքացիների աչքից ժնեւյան իրավունքի նորմերի ակնհայտ խախտումը թաքցնելու համար։ Եվ նկատեք, Գյուլբեյն իր խոսքերը չի ապացուցում ոչ մի փատով, այլ սահմանափակվում է միայն անհասկանալի, փոխարենը բարձրագոչ հայտարարություններով։ Համաձայնեք, այս ամբողջ հիմարությունն ավելի քան նման է Գյլուբեյի կամ նրա գաղափարակիցների հիվանդ երեւակայության արդյունքին։

Երրորդ, դեռ ոչինչ, եթե գործը սահմանափակվեր միայն Թուրքիայի Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովով, արդարադատության նախարարությամբ եւ Թուրքիայի ՆԳՆ-ով, սակայն այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի՞ց ելնելով է Գյուլբեյը պատրաստվում իր բարբաջանանքերը ներկայացնել իր թվարկած հեղինակավոր միջազգային կազմակերպություններին։ Ինչպե՞ս պրոֆեսիոնալները կարող են վստահեցնել այդ «գործչին», որ տվյալ ատյանները միայն քննարկում են ապացույցների բազա ունեցող նյութերը, այլ կերպ ասած՝ փաստերը, ոչ թե դատարկաբանությունները։

Եվ չորրորդ, Գյուլբեյին եւ նրա նմանններին հիշեցնեմ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, որը ծագեց Ադրբեջանի ռազմական ուժ գործադրելու հետեւանքով՝ մարդկանց ազատ կամքի արտահայտումը ճնշելու եւ Արցախի դեմ ագրեսիայի նպատակով, այնպես որ «Ադրբեջանի ոչ մի բռնազավթված տարածքի մասին» խոսք լինել չի կարող»,-հայտարարեց Արմեն Կապրիելյանը։