Ժամանակակից Թուրքիան եւ Ադրբեջանը չի կարելի համեմատել առաջին կամ երկրորդ աշխարհամարտի տարիների Գերմանիայի հետ։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյո՞ք առհասարակ հնարավոր է Ադրբեջանի հետ պայմանավորվել Արցախի հարցի շուրջ եւ արդյո՞ք Հայաստանն այնպիսի սխալներ չի գործի, ինչպես արեցին ֆրանսիացիներն առաջին Համաշխարհային պատերազմից հետո, եթե հրաժարվի զիջումներ անելուց։
Փորձագետը նշեց, որ գերմանացիներն ընդունել են իրենց սխալները երկու աշխարհամարտերի ընթացքում՝ ի տարբերություն Թուրքիայի, որը նույնիսկ 100 տարի անց չի ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։ «Գերմանացիները նոր պետություն են ստեղծել, նոր պետական համակարգ, նոր մենթալիտետ, նոր ազգային գաղափար եւ նոր ազգային մոտեցումներ»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միանգամայն այլ քաղաքականություն են որդեգրել՝ ուղղված նոր ցեղասպանություններ իրականացնելուն։
Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ ինքը վստահ չէ, թե Երկրորդ համաշխարհային պատերազմից խուսափել առհասարակ հնարավոր էր, եթե նույնիսկ Գերմանիայի հետ կարողանային պայմանավորվել եւ որեւէ համաձայնագիր կնքվեր։ «Մենք հիշում ենք Մոլոտով-Ռիբենտրոպի համաձայնագիրը, որը կնքվեց Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ։ Արդյունքում ամենաուժեղ հարվածը ստացավ հենց Խորհրդային Միությունը։ Պետք է հասկանալ, որ թշնամիներ կան, որոնց հետ պարզապես անիմաստ է բանակցություններ վարել»,- եզրափակեց փորձագետը։



























