«Աշտարակ կաթ» ընկերությունը, որպես Հայաստանում պանրի խոշորագույն արտադրող, ամենամեծ ազդեցությունն է ունեցել պանրի գնի բարձրացման վրա։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ «Աշտարակ կաթն» առաջինն է բարձրացրել պանրի գինը, իսկ մյուս ընկերությունները հետեւել են նրան։ Ընկերությունը պանրի թանկացումը սկսել է դեռ օգոստոսին, երբ «Լոռին» վաճառում էր կգ-ը 1450 դրամով, իսկ հոկտեմբերի 15-ից հետո տեղի է ունեցել կտրուկ բարձրացում՝ գործարանի բացթողնման գինը հասել է մինչեւ 2480 դրամի։ Պանիր արտադրող մյուս ընկերությունները, որոնք 78-ն են, պարզապես հետեւել են «Աշտարակ Կաթի» շուկայական վարքագծին՝ գների բարձրացումն սկսելով սեպտեմբերից:

Հանձնաժողովի եզրակացությունն այն է, որ թեեւ «Աշտարակ կաթը» չունի գերիշխող դիրք, սակայն ունի «շուկայական իշխանություն», այսինքն՝ կարողանում է ազդել մյուս տնտեսվարողների վարքագծի վրա։ 2010 թ. տվյալներով՝ «Աշտարակ կաթը» պանրի շուկայում ունի 32,8 տոկոս մասնաբաժին։ Գերիշխող դիրք գրավող ճանաչվելու համար նրան չի հերիքում ընդամենը 0,5 տոկոս։ Երկրորդ տեղում «Դուստր Մելանյա» ընկերությունն է՝ 6,1 տոկոս մասնաբաժնով, երրորդում՝ «Արաքս 2» ընկերությունը («Էկոկաթ» ապրանքանիշ)՝ 5,3 տոկոս մասնաբաժնով։ Այս երեք ընկերությւոնները, այսպիսով՝ շուկայում ունեն մոտ 44 տոկոս մասնաբաժին։

Հանձնաժողովը եզրակացրել է, որ «Աշտարակ կաթը» շատ ավելի է թանկացրել պանիրը, քան դրա անհրաժեշտությունը կար։ Ըստ Հանձնաժողովի գնահատականների՝ կաթի ձեռքբերման գնի 40 դրամ թանկացման պայմաններում ընկերությունը պետք է բավարարվեր 430 դրամ թանկացմամբ, իրականում թանկացումը կազմել է 815 դրամ՝ 1 կգ-ի համար։ Մինչ պանրի թանկացումը ընկերությունները կաթը գյուղացիներից մթերել են կգ-ը 100-125 դրամով, իսկ թանկացումից հետո՝ 120-160 դրամով։ Ամենաթանկ կաթ մթերում է «Ապարանը»՝ կգ-ը 180 դրամով։

Հանձնաժողովը չի բացառել, որ շուկայում առկա են հակամրցակցային համաձայնություններ, սակայն ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ դրա հավանականությունը փոքր է։ Նա նաեւ նշեց, որ նոյեմբերի կեսերից «Աշտարակ կաթը» որոշ չափով նվազեցրել է պանրի գինը, սակայն ունենալով լայն դիստրիբյուտորական ցանց, ճանաչված բրենդ՝ կարողանում է դեռեւս թանկ գներով իրացնել իր արտադրանքը։