Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են կառավարության  մամուլի ծառայությունից՝ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ  տնտեսական կապերի ընդլայնման ուղղությունները։ Մասնավորապես, հեռանկարային է համարվել ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ փոխգործակցության ակտիվացումը փոստային ծառայությունների մատուցման, ապահովագրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գինեգործության, դեղագործության եւ օծանելիքի արտադրության ոլորտներում։ Ռենոն նշել է, որ Հայաստանում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար մեծ պատիվ է ու յուրահատուկ բովանդակություն ունի, ինչը բխում է Հայաստանի հանդեպ ֆրանսիացիների առանձնահատուկ վերաբերմունքից: Ընդգծելով, որ Ֆրանսիան եվրոպական առաջին ներդրողն է Հայաստանում, ինչը վկայում է տնտեսական փոխգործակցության բոլոր ոլորտներում արձանագրված լուրջ առաջընթացի մասին, նա միեւնույն ժամանակ  ասել է,  որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր կգործադրի ձեւավորված բարեկամական կապերի խորացման, ընդլայնման եւ ամրապնդման ուղղությամբ: