«Չէի շտապի ասել, որ Wikileaks-ը խնայել է Հայաստանին, որովհետեւ իր տրամադրության տակ եղած շուրջ 250 հազար գաղտնի փաստաթղթերից այն հրապարակել է ընդամենը 600-700-ը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ այլ երկրների նման Հայաստանը եւս մի օր կհայտնվի Wikileaks-ի թիրախում։
«Ինչպես հայտնի է, Հայաստանի մասին հրապարակում արդեն իսկ եղել է՝ կապված մեր երկրի տարածքով 2003 թվականին Իրանին զենք մատակարելու եւ այդ զենքն, իբրեւ թե, 2007 թվականին Իրաքում ամերիկացի զինվորականների դեմ կիրառելու հետ։ Ես դա հերքել եմ։ Դա անհեթեթ բան է, առանց հիմքերի մեղադրանք, քանի որ ԱՄՆ կողմից պաշտոնական հայտարարություն չի եղել, որ իրականում նման բան կա։
Հայաստանի ղեկավարությունը եւս պաշտոնապես չի արձագանքել Wikileaks-ի այդ հայտարարություններին։ Ասում եմ անհեթեթ, քանի որ թե՛ պետությունների, եւ թե՛ դրանց առաջնորդների մասին տեղեկությունները հաստատ չեն։ Այդտեղ նույնիսկ կան միտումնավոր սարքված PR-ներ, ճշմարտության հետ խառնված սուտ»,,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
«Ես գուշակ չեմ. հնարավոր է, որ Հայաստանի մասով հետագայում նոր փաստաթղթեր ի հայտ գան, սակայն մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ շատ նորմալ եւ բարեկամական են։ Իրաքում ամերիկացի զինվորականներ սպանելու համար մենք չէինք կարող զենք մատակարարել Իրանին»,- նշեց նա։
Նշենք, որ Wikileaks-ը մինչ այժմ հրապարակել է ամերիկացի դիվանագետների գաղտնի նամակագրության մի քանի հարյուր նմուշ։




























