Քաղցկեղի մահացության ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջատարների թվում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ Հայաստանն այդ առումով առաջատար է։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ եզրակացությունն արվել է սխալ տվյալների հիման վրա։ «Լավ, ես վերցրեցի առողջապահության նախարարության տվյալները։ Ստացվեց, որ մենք աղյուսակում երկրորդ եւ երրորդ տեղերի միջեւ եք։ Դա էլ մի բան չէ։ Բայց դա կախված է նրանից, թե ինչպե՞ս ենք հաշվում։ Եթե 3 մլն բնակչության համար, կրկին առաջինն ենք դառնում։ Այս տարի ԱՀԿ-ի տվյալներով՝ Զամբիայից հետո մենք երկրորդն ենք։ Ոչ ոք այդ առթիվ չի անհանգստանում եւ հարց չի տալիս՝ բանն ինչու՞մ է։ Եթե ես հարցը բարձրացնում եմ, ինձ փորձում են բացատրել, որ ԱՀԿ- սխալվել է, իրականում մեզ մոտ ամեն ինչ լավ է եւ պետք չէ նման ոչ այնքան լավ հարցեր բարձրացնել։ Ես կարծում եմ, որ նախեւառաջ պատճառը բնապահպանությունն է»,-նշեց Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հսկայական հետազոտություն է անցկացվել երեխաների առողջության վրա շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ազդեցության մասին․ «Բնականաբար, ամենաաղտոտ տարածքների մասին է խոսքը։ Եվ հենց տարածքները, որոնք ծանր մետաղներով են աղտոտված։ Բնապահպանության եւ առողջության միջեւ փոխկապակցվածությունն ակնհայտ է։ Առաջին տեղում են Լոռի, հետո Սյունիք եւ Երեւան քաղաքները․ այնտեղ, որտեղ լեռնահանքային արդյունաբերությունն է, իսկ Երեւանում մի շարք խնդիրներ կան»։