Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մանասե Եփրեմյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդիսավոր խոսք տվեց, որ ամանորի նախաշեմին ձվի գները հանրապետությունւմ նույնիսկ 1 լումայով չեն թանկանա։ Սակայն նա հերքեց այն լուրերը, որ դա կատարվում է նախագահականի հրահանգով։

Ըստ Եփրեմյանի՝ ներկայումս ձեւավորված ձվի սպառողական գները՝ (50 դրամ նորմալ չափսի ձվերը եւ 60 դրամ՝ մեծ չափսի ձվերը) թռչնաբուծարաններին հնարավորություն են տալիս աշխատել շահույթով, ուստի նոր թանկացումների կարիք չկա։

Մ. Եփրեմյանը նաեւ հերքեց այն լուրերը, որ ամռանը ձվի գները ընկել էին դեմպինգի պատճառով։ Նրա համոզմամբ՝ «դեմպինգ» տերմինը կիրառելի է բացառապես արտահանման-ներմուծման գործարքներ կիրառելիս, ներշուկայական մրցակցությունում այդ տերմինի կիրառումը տեղին չէ։ Սակայն նշենք, որ տեղական օրենսդրությունում առկա է «գնի չհիմնավորված իջեցում» հասկացությունը, որը բնութագրում է 2 կամ ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվոծում ապրանքի գնի նվազեցումը։ Իսկ ձուն, ինչպես հայտնի է, շատ անսպասելի գնանկում ունեցավ ամռան ամիսներին, եւ շատ անսպասելի թանկացում՝ աշնանից սկսած։ Մ. Եփրեմյանը, սակայն պնդեց, որ անկումը բացառապես գերարտադրության հետեւանք էր։ Նա ասաց նաեւ, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկայում տեղի է ունեցել թռչունների գլխաքանակի կրճատում։

Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ թռչունների մորթ իրականացրել են նաեւ մյուս թռչնաֆաբրիկաները, որը եւ նպաստել է ձվի գնի կայունացմանը։