Եվրասիական տնտեսական միության շրջանակում ապրանքներին հետեւելու մեխանիզմը շատ կարեւոր հարց է, քանի որ որոշ դաշնակիցներ «չեն հետեւում խաղի կանոններին»։ Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ Աստանա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ հեռուստակամուրջի ընթացքում՝ «Համագործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակում. Ղազախստանում կայացած ԵՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները» թեմայով։
Նրա խսքով՝ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին, որոշ դաշնակիցներ Թուրքիայից եւ երրորդ երկրներից ապրանք էին ներկրում՝ ունենալով հանդերձ այսպես կոչված ծագման վկայագրերը։
«Պարզ է, որ դրանք իրականությանը չէին համապատասխանում։ Այդ հարցը պետք է լուծվի, որպեսզի լինի ոչ միայն ազատ, այլեւ արդար մրցակցություն։ Ցավոք, մինչ օրս մեր հինգ երկրներում, իսկ առավել եւս գործնական շրջանակում, այնքան էլ պարզ չէ, թե ո՞վ ում հետ գործ ունի եւ շատ են դեպքերը, երբ ընկերությունները միմյանց դուրս են մղում ԵՏՄ-ի շուկայից՝ համագործակցությունը հարթելու փոխարեն»,-ընդգծեց Մանասերյանը։




























