Եվրասիական տնտեսական միության աշխատանքի շուկան կարգավորման կարիք ունի: Այս մասին օգոստոսի 16-ին հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ ելույթ ունենալով «Համագործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակում. Ղազախստանում կայացած ԵՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները» թեմայով Աստանա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ հեռուստակամուրջի ընթացքում:

Նրա խոսքով՝ թոշակային ապահովման հարցերը բխում են տարածաշրջանային ինտեգրման պահանջներից: «Առաջին հերթին պետք է կարգավորվի աշխատանքի շուկան, իսկ թոշակային շուկան աշխատանքի շուկայի գործառույթն է: Եվ, իհարկե, սա վերաբերում է ոչ միայն ներգաղթյալներին, որոնք այսօր աշխատում են հիմնականում Ռուսաստանում, այլեւ նրանց, որոնք ծագումով Խորհրդային Միությունից են, եւ ոչ հեռու անցյալում բոլոր 5 երկրներում աշխատանքային գրքույկները պարտադիր էին: Այսօր Հայաստանում, օրինակ, դրանք պարտադիր չեն»,- նշեց Մանասերյանը՝ հավելելով, որ այս ամենը պետք է միասնականացվի: