Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայում է Հայաստանի տնտեսության կանխատեսումները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Թեեւ վերջնական եզրակացությունները կներկայացվեն մի քանի շաբաթից, սակայն նախնական գնահատականներով այս տարի Հայաստանում ՀՆԱ անկումը կկազմի 10-15%, գնաճը` 3%, բյուջեի դեֆիցիտը չի գերազանցի ՀՆԱ-ի 7.5%-ը:

«Տնտեսական անկումը ավելի քիչ կլինի, քան առաջին 7 ամիսների ընթացքում, երբ ՀՆԱ-ն կրճատվեց 18.5%-ով: Վերջին եռամսյակում, կարծում եմ, աճ կլինի, որը կանդրադառնա անկման տարեկան տեմպերի վրա: Միակ բանը, որ կարող եմ ասել, սպասում ենք անկում 10-15%-ի միջև: Մենք համաձայն ենք կառավարության այն գնահատականի հետ, որ հաջորդ տարի կլինի փոքր տնտեսական աճ»,- ասել է Օմեսը:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կանխատեսել էր, որ 2009-ին Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 12-15 տոկոս, իսկ եկող տարի կգրանցվի մինչեւ 1,5 տոկոսի աճ: ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանի կանխատեսմամբ էլ` 2009-ին տնտեսական անկումը կտատանվի 12-13 տոկոսի սահմաններում, սակայն նա տնտեսական աճ է կանխատեսում միայն 2011 թվականին, իսկ 2010 թվականին ակգարնցվի 1-2 տոկոսի անկում: