«Առայժմ Nabucco նախագծին Հայաստանի մասնակցության խնդրին կարող ենք մոտենալ միայն տեսականորեն, քանի որ դեռ ոչ մի իրական, ռեալ փաստաթուղթ չկա: Պետք է նաեւ ասեմ, որ դա միայն քաղաքական որոշման արդյունք կարող է լինել»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԽ նախագահի խորհրդական, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը զուգահեռ միջազգային շատ փորձագետներ խոսում են նաեւ այն մասին, որ դրանից հետո Հայաստանը կարող է մաս կազմել Nabucco նախագծին եւ այն կարող է Վրաստանի փոխարեն անցնել Հայաստանով:
Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը դրան հասնելու համար եւ ի՞նչ գին պետք է վճարի, Թ. Մանասերյանը պատասխանեց. «Հայաստանից այս պահին որեւէ բան չի պահանջվում, ուղղակի բոլորն ակնհայտորեն տեսնում են այն օգուտները, որոնք կարող են ստանալ Nabucco նախագծին Հայաստանի մասնակցությունից: Հայաստանը ոչ թե ձեւական կողմ կարող է լինել, այլ նախ դրանով էականորեն կարող են իջնել գազամուղի կառուցման ու մատակարարման ծախսերը, եւ երկրորդ. Ռեգիոնալ ծրագրերում շրջանցել որեւէ երկիր, որի մասնակցությունը կարող էր օգտակար լինել, դեմ է բոլոր տնտեսական օրենքներին ու օրինաչափություններին: Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ գին պետք է վճարել Nabucco-ին Հայաստանի մասնակցության դիմաց, դա պետք է գնահատեն քաղաքագետները»:




























