Շաբաթ օրը Թուրքիան մարտական մեքենաներով եւ հրետանային զենքով 10 բեռնատարների շարասյուն է ուղարկել երկրի հարավում՝ Սիրիայի սահմանին գտնվող Քիլիսի նահանգ, հայտնում է Hürriyet-ը:

Դիրքերի ամրապնդման համար իշխանությունները նահանգ են ուղարկել 6 հաուբից եւ 4 զրահամեքենա, նշում է պարբերականը: Օգոստոսի սկզբին իշխանությունները Սիրիայի սահման էին ուղարկել հրետանային արկերով բեռնատարների շարասյուն:

Քիլիսը գտնվում է Սիրիայի Աֆրին շրջանի սահմանին, որը վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը:

Հուլիսին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, թե Անկարան չի բացառում Աֆրինում ռազմական գործողության անցկացումն այս շրջանից բխող իր ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում:

Թուրքիան Դեմոկրատական միություն կուսակցությանը (PYD) եւ սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերին (YPG) ահաբեկչական կազմակերպություններ է համարում, որոնք կապված են երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ: