Forbes Woman-ը հրապարակել է 2016 թվականի ռուսաստանցի պետական ծառայողների ամենահարուստ կանանց վարկանիշը: Ցուցակը գլխավորել է Թաթարստանի նախագահի կինը՝ Գուլսինա Մինիխանովան, որի եկամուտն անցել է 2 մլրդ ռուբլուց: Նրա ամուսինն անցյալ տարի վաստակել է ընդամենը 7,5 մլն ռուբլի:

Գուլսինա Մինիխանովան 2 մլրդ 350 մլն ռուբլի եկամուտի մեծ մասը ստացել է «Լուչանո» ընկերության իր բաժնեմասի իրացումից, որի մեջ է մտնում սպա համալիր, հյուրանոց, ֆիթնես ակումբ եւ ռեստորան: Գնորդն է եղել կիպրոսյան օֆշոր «Սանտերնա Հոլդինգս Լիմիթեդը»: Մինիխանովան գործնականում մշտապես ամուսնուց ավելի շատ է վաստակել եւ կայուն կերպով մտել է «ամենահարուստի տիկնանց» տարբեր վարկանիշների մեջ, սակայն նրա եկամուտները սովորաբար ավելի համեստ են եղել, տարեկան 10 մլն ռուբլու սահմանում, փոխանցում է Gazeta-ն:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Ռաիսա Բրեդնին: Ուլան Ուդեի քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Բրեդնիի կինը «Տիտան» ընկերության կառավարիչ տնօրենն է: Ռաիսա Բրեդնին մեկ տարում վաստակել է 1,92 մլրդ ռուբլի: Համեմատության համար՝ Բրեդնիի հայտարարագրում նշված է, որ անցյալ տարի նա վաստակել է 903,8 մլն ռուբլի

Վարկանիշում երրորդ հորիզոնականում է Բրյանսկի մարզի նահանգապետի կինը՝ Օլգա Բոգոմազը: Ալեքսանդր Բոգոմազի կինը վաստակել է 864 մլն ռուբլի (իր նահանգապետի 3,6 մլն եկամուտի դեպքում): Այսպիսով՝ նրա եկամուտը 240 անգամ գերազանցել է ամուսնու եկամուտը:

4-րդ տեղում է Եկատերինա Իգնատեւան, որը Միջազգային ֆինանսական կորպորացիայի բաժնետեր է եւ «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի կինը: Նա վաստակել է 848,5 մլն ռուբլի: Ինքը Չեմեզովը հայտարարագրել է 212 մլն ռուբլու եկամուտ:

5-րդ հորիզոնականը զբաղեցնում է Պետական դումայի պատգամավորի կին Ելենա Նեկրասովան: Նա Պետերբուրգի շինարարական «Լիդեր գրուպ» հոլդինգի համասեփականատերն է: Նրա հայտարարագրած եկամուտը կազմել է 646 մլն ռուբլի՝ ընդդեմ իր Ալեքսանդր Նեկրասովի 4,9 մլն ռուբլու:

Վորոնեժի մարզային դումայի պատգամավոր Գրիգորի Չույկոյի կինն անցյալ տարի վաստակել է 531,3 մլն ռուբլի՝ զբաղեցնելով վարկանիշի 6-րդ տեղը: Նրա ամուսնու եկամուտը կազմել է ընդամենը 0,6 մլն ռուբլի:

Բրյանսկի քաղխորհրդի պատգամավոր Ալեքսեյ Իսաեւի կնոջ եկամուտը 266,8 մլն ռուբլի է, նա զբաղեցրել է վարկանիշի 7-րդ տեղը: Նրա ամուսինը վաստակել է 11,7 մլն ռուբլի:

Ստավրոպոլի երկրամասի դումայի պատգամավոր Անատոլի Ժդանովի կինը ստացել է 228,9 մլն ռուբլի (8-րդ տեղում է): Ամուսնու ավանդը համեստ է՝ 3,2 մլն ռուբլի:

9-րդ տեղը զբաղեցրել է Դաշնային խորհրդի անդամի կինը՝ Լյուդմիլա Վորոբյովան: Յուրի Վորոբյովի կինը վաստակել է 225,1 մլն ռուբլի, իսկ նրա ամուսինը՝ 5,4 մլն ռուբլի:

Տասնյակը եզրափակում է Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Պետրովի կինը, որը վաստակել է 220,9 մլն ռուբլի՝ ընդդեմ իր երկրորդ կեսի 47,9 մլն ռուբլու:

Այսպիսով, առաջին տասնյակի բոլոր պետական ծառայողների կանայք անցյալ տարի իրենց ամուսիններից բազմապատիկ անգամ շատ են վաստակել: