Օգոստոսի 28-ին «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հայտարարել է 8,9 մլրդ ռուբլի վարկային պարտավորություններով տեխնիկական դեֆոլտ սկսելու մասին: Այս մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Սիստեմայի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կոպիտովը պարզաբանել է, որ սա բացառապես ձեւական ընթացակարգ է: Տեխնիկական դեֆոլտը կապված է «Ռոսնեֆտի» հայցի շրջանակում «Սիստեմա» ԲՖԿ-ին եւ «Սիստեմա-Ինվեստ» ԲԸ-ին պատկանող ՄՏՍ-ի, «Մեդսի» եւ ԲԷՍԿ-ի բաժնեթղթերի վրա դրած արգելքի հետ:
Շուկայական պրակտիկայի համաձայն՝ «Սիստեմա» ԲՖԿ-ն վարկատուներին առաջարկ է ուղարկել տեխնիկական դեֆոլտի հետ կապված իրավունքների իրականացումից հրաժարվելու մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկային պարտավորությունների առանձին պայմաններին չհետեւելը բացառապես նշված ակտիվները կալանելու դատարանի որոշմամբ է պայմանավորված, կորպորացիան իր վարկային եւ ֆինանսական պարտավորությունները սպասարկում է եւ ծրագրում է հետագայում եւս սպասարկել ժամանակին ու ամբողջ ծավալով:
2017 թվականի մարտի 31-ի դրությամբ «Սիստեմա» ԲՖԿ-ի զուտ պարտքը կազմել է 73,8 մլրդ ռուբլի:




























