«Կոնվերս բանկի» Արմավիրի մասնաճյուղում ոսկյա զարդերի գրավադրման միջոցով վարկ ստացած քաղաքացիներն արդեն մի քանի օր է, չեն կարողանում հետ ստանալ իրեն զարդերը՝ գրում է թերթը: Ըստ պարբերականի՝ նրանք կատարել են վարկի մարումը եւ ըստ գործող կարգի՝ պետք է հետ ստանան բանկում գրավադրված ոսկին: Իրենց ոսկյա զարդերը հետ ստանալ ցանկացող քաղաքացիներին հրավիրում են ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ նրանց բացատրում են, որ իրենց ոսկյա զարդերը կարող են հայտնված լինել այլ պարկերում, կատարվում է քննութուն, եւ դրանք կվերադարձվեն հայտնաբերվելու դեպքում: Արմավիրում խոսում են, որ բանկում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի եւ Մեծամորի մասնաճյուղերի գնահատող ոսկերիչները պահ տված ոսկեղենը փոխարինել են արժեք չներկայացնող զարդերով՝ բիժուտերայով, իսկ ոսկյա զարդերը՝ կրկին գրավադրել են եւ վարկեր վերցրել:
Ըստ այդ լուրերի՝ ոսկերիչները ձերբակալված են: Թերթի ունեցած տեղեկություններով՝ կատարված կեղծիքների հետ անմիջական կապ ունի նաեւ «Կոնվերս բանկի» Արմավիրի մասնաճյուղի արդեն նախկին կառավարիչ Սեւակ Մարկոսյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, նույն ճանապարհով բանկից վերցրել է 17 միլիոն դրամ: Հանցագործությունն արդեն բացահայտվել է: Սեւակ Մարկոսյանն ազատության մեջ է, եւ ոստիկանության աշխատակիցները դա բացատրում են նրանով, որ մասնաճյուղի կառավարիչն այտեղյակ է եղել կատարվող հանցագործություններից:
Հայաստանի բանկային համակարգին մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ այս գործելակերպն ամենեւին էլ նորություն չէ, եւ այդպես վարվում են շատ բանկերում եւ բազմաթիվ մասնաճյուղերի կառավարիչներ, ովքեր բանկին զուգահեռ զբաղվում են վաշխառությամբ: Այսպես ասած՝ փող պտտեցնելու համար նրանք օգտագործում են հենց բանկի գումարները: Մեխանիզմը բավական պարզ է. Ենթադրենք վարկառուն չի կարողանում վճարել 1000 դոլարի վարկը: Դա բանկի կառավարիչի համար իսկական գլխացավանք է, որը նա վերածում է իր համար եկամտի աղբյուրի: Նա 1000 դոլարը տալիս է վարկառուին, սա վերադարձնում է վարկը: Հետո նույն վարկառուի անունով ձեւակերպում է նոր վարկ՝ 1200 դոլար, որից 1100-ը նա տալիս է բանկի կառավարիչին:




























