Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է Թալ Աֆար քաղաքում իրաքցի զինծառայողների՝ «Իսլամական պետությանը» հաղթելու եւ հյուսիսային Նայնավա նահանգն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրաքի հյուսիսում՝ Թալ Աֆարում գործողությունը սկսվել է օգոստոսի 20-ից։ Անցյալ շաբաթ զինվորականները հայտարարեցին քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին՝ բացի հյուսիսային Այդըյա արվարձանից։
«Հաղթեցինք եւ Նայնավա նահանգը հայտնվեց մեր հերոսական ուժերի ձեռքում... Ես հայտարարում եմ, որ աննկուն Թալ Աֆարը միացավ Մոսուլին եւ հայրենիք վերադարձավ»,- ասվում է վարչապետի հայտարարությունում։
Ալ-Աբադին հավելել է, որ վերջին օրերին զինծառայողներն ահաբեկիչներին ոչնչացրել են Այդըյա արվարձանում եւ մյուս շրջաններում՝ նրանց թույլ չտալով փախչել։ Նա նշել է, որ զինվորականները կշարունակեն ազատագրել «Իրաքի եւ նրա անապատների յուրաքանչյուր թիզը»։




























