ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի նամակագրության գաղտնազերծումը չի վնասի հայ-ամերիկյան միջպետական հարաբերություններին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Կարծում եմ՝ ժամանակն արդեն ցույց է տվել, որ այդ հրապարակումներն ի զորու չեն վնաս հասցնել մեր երկրների հարաբերություններին»,- նկատեց Քոչարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ լուրջ է վերաբերում այդ հրապարակումներին Երեւանը, փոխնախարարն ասաց. «Արտաքին գերատեսչությունը չի կարող լուրջ չվերաբերել այդ փաստաթղթերին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Guardian-ը, վկայակոչելով Wikileaks կայքէջին, 2008 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի իշխպանություններին հասցեագրված բավական կտրուկ նամակ էր հրապարակել, որում ԱՄՆ պաշտոնյաները սպառնում են Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, եթե ՀՀ կառավարությունը «չդադարեցնի իր տարածքով դեպի Իրան զենքեր տեղափոխելը, ինչն Իրաքում ամերիկացի զինծառայողների մահվան պատճառ է դարձել»։