Սիրիայի հարցով Աստանայում 6-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ին։ Այս մասին հաղորդում է Informburo.kz-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։ 

«Սիրիայի հարցով բարձր մակարդակի հերթական միջազգային հանդիպումը Աստանայի գործընթացի շրջանակում տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերի 14-15-ին։ Մասնակցիները մտադիր են հաստատել համակարգող կենտրոնի, գերիներին ազատելու, զոհերի մարմինները հանձնելու եւ անհետ կորածների աշխատանքային խմբի մասին դրույթները։ Նախատեսվում է, որ կողմերը համատեղ հայտարարությամբ հանդես կգան Սիրիիայում պատմական հուշարձանների ականազերծման մասին, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, ինչպես նաեւ կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հայտարարությունում։

«Աստանա 6»-ի նախօրեին Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները սեպտեմբերի 13-ին ծրագրում են համատեղ աշխատանքային խմբի նիստ գումարել։

Սեպտեմբերի 14-15-ին կայանալիք բանակցությունների մասնակիցները մտադիր են հաստատել Իդլիբ, Հոմս եւ Հարավային Գուտա նահանգներում լարվածության թուլացման գոտիների քարտեզները։