«Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի խմբավորումները շարունակում են գրոհը Ռաքքայում ահաբեկիչների ուղղությամբ (Դամասկոսից 520 կմ հեռավորությամբ) եւ վեց շրջանում նրանց դեմ մարտեր են մղում։ Այս մասին շաբաթ հայտնել է կոալիցիայի շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ջիհան Շեյխ-Ահմեդը։ 

Նրա խոսքով՝ արաբա-քրդական խմբավորումները, որոնք կազմում են «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» առանցքը, վերահսկողության տակ են վերցրել քաղաքի տարածքի 65 տոկոսը եւ ազատագրել են 14 շրջան։ ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վարձկանների ձեռքում են Մուրուր, Նահդա, Էլ Բարիդ, Հայ էլ Ամիր, Ռաուդա եւ Ռմեյլա շրջանները»,- հայտարարել է Շեյխ-Ահմեդը։

Քուրդ հրամանատարը հաստատել է, որ սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները վերջնականապես դուրս են մղվել Ռաքքայի կենտրոնից եւ Մանսուր ու Ռաֆքա շրջաններից։

«Դրանք ամենաամուր շրջաններն էին, որոնք մեր ջոկատները պաշարել էին ավելի քան մեկ ամիս։ Մահմեդական Իդ ալ-Ադհա տոնին այս ռազմավարական հաջողությանը հասնելու համար մեր մարտիկները հերոսություն դրսեւորեցին եւ կորուստներ կրեցին»։ Նրա խոսքով՝ «այդ հաջողությունը մոտեցնում է Ռաքքայի ազատագրման ժամը», փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։