Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, խոսելով Ուկրաինայի արեւելքում ՄԱԿ խաղաղապահ առաքելության վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկից, հայտարարել է, որ հնարավորությունը պետք է օգտագործել. աշխարհը լիցքաթափվելու քաղաքականության կարիք ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պուտինը հրապարակայնորեն առաջարկեց այն, ինչ մենք երկուսով (Գաբրիելն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը) շաբաթներ ու ամիսներ շարունակ պահանջում էինք նրանից եւ այն, ինչը նա նախկինում մերժում էր, ավելի կոնկրետ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով Ուկրաինայի արեւելքում խաղաղապահ առաքելությունը։ Եթե իսկապես հնարավորություն կա, այն պետք է օգտագործել։ Մեզ լիցքաթափման ավելի շատ քաղաքականություն է անհրաժեշտ, դա մեր խնդիրն է»,-Բունդեսթագի ընթացիկ գումարման վերջին նիստում իր ելույթի ժամանակ ասել է նախարարը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարին։ Սակայն ըստ նրա՝ խոսքը միայն ԵԱՀԿ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու գործառույթի մասին է. խաղաղապահները պետք է տեղակայվեն սահմանագծում եւ ոչ մի ուրիշ տարածքում։ Նախագահի կարծիքով այդ հարցի լուծումը հնարավոր կլինի կողմերի բաժանման, ծանր տեխնիկան հետ քաշելու եւ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչների հետ անմիջական շփում հաստատելու միջոցով։



























