Բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունը մի քանի տարի շարունակ Հայաստանում հսկայական ծավալների էր հասնում: Նախաճգնաժամային 2008 թվականին շինարարության ծավալը հասնում էր 600 միլիարդ դրամի, կամ 2 միլիարդ դոլարի: 2008-ին շահագործման հանձնված 985 բնակելի տներից 891-ը` ավելի քան 90 տոկոսը նույնպես կառուցվել է բնակչության միջոցների հաշվին:

Հարց է ծագում, թե այդ որ «բնակչությունն» է միլիարդավոր դոլարների շինարարություն իրականացնում: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած հաշվետվությունն այդ հարցի պատասխանը չի տալիս, քանի որ բնակֆոնդի մասին տվյալները վերաբերում են միայն նախորդ տարվան:

Հարցի պատասխանը ստանալու համար NEWS.am-ը դիտարկել է 2002-2009թթ. մի շարք ցուցանիշերի դինամիկան:

Նշված ժամանակահատվածում Հայաստանում առանձնատների թիվն աճել է 19,5 տոկոսով: Դրանց ընդհանուր տարածքն աճել է գրեթե մեկ ու կես անգամ` 45,9 տոկոս: Կարելի է հետեւություն անել, որ նոր առանձնատների բնակտարածքը զգալիորեն ընդարձակվել է: Կան նաեւ հանելուկային բացառություններ, որոնց կանդրադառնանք:

Շատ ավելի համեստ են բազմաբնակարանային շենքրի շահագործման տեմպերը` բնակարանների թվի աճը եղել է 3,9 տոկոս: Իսկ ընդհանուր տարածքի աճն ընդամենը 2,2 տոկոս: Այսինքն` նոր բնակարանները հներից ավելի փոքր են:

Բնակարանային շինարարությունը Հայաստանում «բնակչությունից» բացի իրականացնում են նաեւ կազմակերպություններ եւ պետությունը: Օրինակ` վերջերս վարչապետը Լոռու մարզի Սարահարթ գյուղում հանձնեց ութ բնակավայրերում կառուցված տների 157 սերտիֆիկատներ: Այդ տները կառուցվել են 1988թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների խնդիրը լուծելու Բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում` պետական աջակցությամբ:

Վարչապետի խոսքով աղետի գոտիում իրականացվում է 250 միլիոն դոլարի շինարարություն, որի արդյունքում 7 հազար ընտանիքներ կստանան պետության խոստացած տները:

Հասկանալի է, որ «բնակչությունը» սեփական միջոցներով բազմահարկ, բազմաբնակարանային շենքեր չի կառուցի, եւ կսահմանափակվի առանձնատան կառուցմամբ: Հետաքրքիր է այդ առանձնատների աճի դինամիկան: Մինչեւ 2003թ. հունվարի 1-ը եղած 336,4 հազար առանձնատներին հաջորդ 7 տարիների ընթացքում գումարվել է եւս 65,6 հազար առանձնատուն:

Լոռիում կառուցվել է դրանց 16,6 տոկոսը, իսկ Շիրակում` 9,3 տոկոսը: Առաջատարը Երեւանն է` 25,8 տոկոս, Լոռիից հետո երրորդ տեղում Արարատի մարզն է` 16,6 տոկոս: Վերջին տեղում Գեղարքունիքն է` 0,6 տոկոս:

Երեւանյան շքեղ առանձնատների ընդհանուր բնակտարածքի հետ կապված վիճակագրությունը զարմանալիորեն հակասական թվեր է ներկայացնում:

Մինչեւ 2003թ. հունվարի 1-ը կառուցված առանձնատների միջին տարածքը կազմում է 168,6 քմ, իսկ դրանից հետո այն նվազել է մինչեւ 156,1 քմ-ի: Ստացվում է, որ նորագույն ժամանակների պալատները բնակտարածքով զիջում են խորհրդային տարիներից մնացած սեփական տներին:

Այս փաստը պետք է գրավի համապատասխան մարմինների ուշադրությունը: Անշարժ գույքի հարկը Հայաստանում պրոգրեսիվ բնույթ ունի. հարկի չափը որոշվում է կադաստրային արժեքով, իսկ ինչքան փոքր է տարածքը, այդքան ցածր է կադաստրային արժեքը: