ԱՄՆ Կանզասի նահանգի Լեբո քաղաքի փողոցներում ամանորյա եղեւնիներ են հայտնվել: Տեղաբնակները որոշել են Սուրբ Ծնունդը նշել աշնանը, որպեսզի 3 տարեկան Քրիստիան Ռիսները հասցնի վերջին անգամ նշել այն: Երեխան քաղցկեղի վերջին փուլում է:

Բժիշկները տղայի ծնողներին ասել են, որ նրանց երեխային ընդամենը 3 ամսվա կյանք է մնացել, հայտնում է AP-ը:  Լեբոյի բնակիչները որոշել են Քրիստիանի համար Սուրբ Ծնունդ կազմակերպել: Նրանք եղեւնիներ են տեղադրում, ամանորյա լույսեր կախում եւ տոնի մասին պատմում Facebook-ում՝ ի նշան աջակցության տղային:

Սուրբ Ծնունդը կնշեն այս կիրակի: Տոնին ներկա կլինի նաեւ Սանտա Կլաուսը՝ նվերների պարկով:

Եկեղեցում Սուրբծննդյան ընթրիքի ամբողջ հասույթը կտրամադրվի երեխայի ընտանիքին՝ դեղորայք գնելու համար:

Քրիստիանի մոտ երիկամի քաղցկեղ է ախտորոշվել: Հիվանդության պատճառով տղայի երիկամներում ու թոքերում ուռուցքներ են հայտնվել: