Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը փորձում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի տարածք ապօրինի մտնելու միջադեպը խաղաղ ճանապարհով կարգավորել:

Ավակովը Սաակաշվիլիին կոչ է արել անցնել Ուկրաինայի պետական սահմանին ձեւակերպման ընթացակարգը, իսկ սահմանը ճեղքելու բոլոր մասնակիցներին՝ միլիցիա ներկայանալ ցուցմունքներ տալու: «Սաակաշվիլին եւ սահմանն ապօրինի հատած բոլորը պետք է ընտրություն կատարեն 2 տարբերակից՝ ներկայանան «Շեգինի» անցակետ եւ անցնեն ձեւակերպման ընթացակարգը եւ/կամ ներկայանան միգրացիոն ծառայության ստորաբաժանում: «Ճեղքման» բոլոր մասնակիցները, այդ թվում՝ ժողովրդական պատգամավորները պետք է ոստիկանություն ներկայանան ցուցմունքներ տալու»,- Facebook-ի իր էջում գրել է Ավակովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլին սեպտեմբերի 10-ի երեկոյան կողմնակիցների աջակցությամբ «Շեգինի» անցակետում ճեղքել է սահմանապահների եւ իրավապահների շղթան եւ Լեհաստանից հայտնվել Ուկրաինայի տարածքում: Սահմանի ապօրինի հատման փաստով քրեական գործ է հարուցվել: