«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն եւ չորս պատգամավոր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ ապօրինի հատել են Ուկրաինայի սահմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
«Սադրիչ Սաակաշվիլիի հետ Ուկրաինայի սահմանը հատած պատգամավորների ցանկը՝ Յուլիա Տիմոշենկո, Սերգեյ Վլասենկո («Բատկիվշչինա»), Յուրի Դերեվյանկո (անկուսակցական, Սաակաշվիլիի կողմնակից), Պավել Կոստենկո («Ինքնօգնություն» կուսակցություն), Դմիտրի Դոբրոդոմով (անկուսակցական)»,-գրել է Գերաշչենկոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին «Շեգինի» անցակետում իր կողմնակիցների աջակցությամբ հատել է Ուկրաինայի սահմանը։ Սահմանն ապօրինի հատելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։




























