Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս ունի, որ Միխայիլ Սաակաշվիլին նույնպիսի համառությամբ կջանա հայտնվել Վրաստանում, ինչպես որ ձգտում է Ուկրաինայում հայտնվել։ Այս մասին Պորոշենկոն հայտարարել է Կիեւում բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։ 

«Մեր սահմանապահները ճիշտ են վարվել՝ զենք չկիրառելով, ինչի իրավաբանական իրավունքն ունեին։ Նրանք թույլ չեն տվել երկրի ներսում հրդեհ բռնկվի՝ հակամարտություն, ինչին այդ շահամոլները փորձում էին հասնել»,-ասել է Պորոշենկոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 10-ին «Շեգինի» անցակետում իր կողմնակիցների աջակցությամբ հատել է Ուկրաինայի սահմանը։ Սահմանն ապօրինի հատելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։