Չինաստանը մտադիր է տեսանելի ապագայում արգելել ներքին այրման շարժիչներով մեքենաների արտադրությունն ու վաճառքը, գրում է Guardian-ը՝ վկայակոչելով Չինաստանի արդյունաբերության նախարար Սին Գուոբինի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ նախարարությունը մշակում է նախագիծ ու ստեղծում է երկրում մեքենաների արգելքի ճանապարհային քարտեզ։ Նախաձեռնության նպատակն է նվազեցնել օդի աղտոտման մակարդակը Չինաստանում ու աշխուժացնել ավտոմոբիլային արդյունաբերությունը։

Այսպիսով՝ Չինաստանը հետեւում է Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի օրինակին, որոնք արգելում են բենզինային ու դիզելային մեքենաների արտադրությունը 2040-ից։

2016-ին Չինաստանում արտադրվել է 28 մլն մեքենա, այդ թվում 500 հազար էլեկտրական շարժիչով մեքենա։ Չինաստանում մեքենաների արգելքի մասին նորությունների ֆոնին էլեկտրամոբիլներ արտադրողների դրույքները կտրուկ բարձրացել են։