NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է  Ամանդա Փոլի հոդվածը, որը հրապարակվել է թուրքական «Today’s Zaman» թերում:

Հին ադրբեջանական ասացվածք կա. «Իմաստուն լինելու արվեստն իմանալն է, թե ինչին պետք չէ ուշադրություն դարձնել». WikiLeaks-ի հրապարակումներն ուսումնասիրելիս, դա կարող է իմաստուն խորհուրդ լինել: WikiLeaks-ը դիմակարզերծեց բոլորին:

Թուրքիայյի եւ Ադրբեջանի պատմությունը հետաքրքիր է: Այս երկու երկրներն իրենք իրենց անվանում են «մեկ ազգ, երկու պետություն», թյուրքական տանդեմ` միշտ ներդաշնակ, առանց կոպիտ խոսքերի: Թուրքիան ավագ եղբայրն է, իսկ Ադրբեջանն Անկարայի աչքերում կրտսեր եղբայր է, որը հիացմունքով նայում է Թուրքիային:

Սակայն WikiLeaks-ը հակառակ պատկերը բացահայտեց: Այդ հրապարակումների համաձայն, այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները հեռու են ներդաշնակ լինելուց: Թեեւ տեսախցիկների առջեւ եղբայրական սեր է, փակ դռների հետեւում ամեն ինչ այլ կերպ է:

WikiLeaks-ը հրապարակեց մի փաստաթուղթ, որի համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատում է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը` դրա արտաքին քաղաքականություն որակելով «միամիտ», իսկ նախաձեռնությունները «ձախողում». Ալիեւն ամեն ինչ հերքում է: Երկու երկրները հոլիվուդյան զույգի նման ձեւացնում են, թե ոչինչ չի պատահել:

Թուրքիան կրտսեր եղբորից ակնկալում է խիստ հնազանդություն: Վերջիվերջո, Ադրբեջանը տարածաշրջանի «Ջիմին է, որը չունի ընկերներ». պատերազմի մեջ է Հայաստանի հետ, խարխուլ հարաբերություններ ունի Իրանի հետ եւ զգաստ հարաբերություններ` Ռուսաստանի հետ: Երբ 1993-ին Թուրքիան փակեց Հայաստանի սահմանը` վստահ էր, որ Ադրբեջանը վարձահատույց պետք է լինի ուժեղ լոյալությամբ: Սակայն հայ-թուրքական գործընթացը եւ առանց ղարաբաղյան խնդրի լուծման սահմանի բացման հնարավորությունը Ադրբեջանին ստիպեցին խաբված զգալ եւ գործի դնել արտաքին քաղաքականության նավթագազային գործիքը` Թուրքիային գազի բանակցություններում ծանր դրության մեջ դնելու համար: Հայ-թուրքական հաբարերությունների սառեցումից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները վերադարձան բնականոն հուն: Առերեւույթ այդպես է թվում, սակայն բազմաթիվ թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաների հետ ունեցած զրույցներս փաստում են, որ հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն: Ադրբեջանցիները ծածկամիտ են: Անկարային բացահայտ չեն քննադատում, սակայն անկեղծ զրույցներում անհանգստություն են հայտնում Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդությամբ տարածվող պահպանողականության առթիվ: Ոմանք կարծում են, որ Էրդողանի կուսակցությունն ուզում է այդ պահպանողականությունը արտահանել Ադրբեջան: Բացի այդ Թուրքիան ուզում է լինել տարածաշրջանի միակ կենտրոնը: Իսկ թուրք պաշտոնյաներն ազատ արտահայտում են իրենց կարծիքը, որ Ադրբեջանը մեծամտացել է, կամ Ալիեւը խաղաքարտերն է փորձում այլ կերպ դասավորել:  Նրանք դժգոհ են նաեւ Ռուսաստանի ազդեցությունից, ռուսախոս ադրբեջանցիների բազմությունից, ռուսական դպրոցների առկայությունից, թուրքերենի նման լատինատառ այբուբենի փոխարեն հատուկ տառերի ստեղծումից: Թեեւ երկու երկրներն էլ մուսուլմանական են, Ադրբեջանում խիստ վերահսկվում է մզկիթների քանակը, իսկ Թուրքիան, թվում է, համաշխարհային ռեկորդ է սահմանելու մի կիլոմետրում եղած մզկիթների թվով:

Ադրբեջանցիների ազգայնականության պատճառը տարածքների կորուստի հետեւանքով առաջացած անվստահությունն է սեփական ուժերի նկատմամբ: Բաքուն ուզում է ավելի կարեւոր ու հաջողակ երեւալ: Դա Թուրքիայում որպես մեծամտություն է ընկալվում: Ադրբեջանը կրտսեր եղբոր փոխարեն ուզում է լինել Արեւմուտքի առանցքային դաշնակիցը:

Թեեւ Ադրբեջանն ու Թուրքիան թյուրքական ազգեր են, Ադրբեջանը Թուրքիա չէ: Ադրբեջանը եվրոպական, մուսուլմանական, հետխորհրդային պետություն է, ինչը բացառիկ բնույթ է տալիս ադրբեջանցիներին: Ադրբեջանը Թուրքիա չէ: Աշխարհում միայն մի տեղ կա մի Թուրքիայի համար:

Այդուամենայնիվ, բնական է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միշտ ունենան սերտ կապեր: Թուրքիան Ադրբեջանի հետ կապերը համարում է առավել կարեւոր: Ադրբեջանը հաստատում է, որ Թուրքիայի հետ կապերն ամենաամուրն են: Սակայն, հնարավոր է, որ Անկարայում եւ Բաքվում դեմ չեն լինի ռեժիմների փոփոխության: Էրդողանը կուզեր իր նմանին տեսնել Ադրբեջանում, իսկ Բաքուն կողջուներ առավել քեմալիստական ռեժիմի: Երկուսն էլ պետք է սպասեն: