Գորիսում տեղի ունեցած սարսափելի միջադեպը իշխանությունների կողմից բացթողումների արդյունք էր: Այս մասին սեպտեմբերի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը` մեկնաբանելով Գորիսի դպրոցներից մեկում տեղի ունեցած թունավորումը, որի հետեւանքով մոտ 40 երեխա է տուժել:

«Հերթական անգամ մեր երեխաները թունավորվեցին եւ տեղափոխվեցին հիվանդանոց: Մեզ բավարար չէ այն, ինչ գրում են: Կա որոշակի կարգ եւ մի շարք օրենքներ», - ասել է Պողոսյանը` հավելելով, որ ցանկացած հասարակության համար ամենակարեւոր խնդիրը երեխաների եւ երիտասարդ սերնդի համար մտահոգությունն է:

Փորձագետի կարծիքով, տեղի ունեցածի մեջ մեղավոր են բոլորը՝ սկսած սովորական քաղաքացիներից մինչեւ պետական մարմիններ՝ ԱԻՆ, ոստիկանություն, Գլխավոր դատախազություն, սննդամթերքի որակի վերահսկման մարմիններ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դպրոցական անորակ սննդի հետեւանքով Գորիսի մի քանի տասնյակ ցածր դասարանների աշակերտներ դիզենտերիա ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել: