ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից «ՀԺ»-ն հետաքրքրվել է, թե արդյոք չի՞ պատրաստվում քրեական գործ հարուցել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից Սերժ Սարգսյանի աշխատակազմի  արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծելու փաստի առիթով:

Ոստիկանապետը քրեական գործի հարուցումը բացառել է, ինչը բացատրել է հետեւյալ կերպ. «Ճիշտն ասած, ես արարողակարգի տղային անձամբ չեմ տեսել, բայց դիմել ենք (նախագահական նստավայր), ասել ենք, եթե եղել է նման դեպք՝ առեւանգում, ծեծ, ապա առաջարկել ենք ոստիկանությանը դիմում ներկայացնել: Նրանք հրաժարվել են, ասել են՝ նման դեպք չի եղել: Ուղղակի վիճաբանություն, քաշքշուկ  է եղել, թե ինչ աստիճանի է այդ ամենը եղել, ես այժմ որեւէ տեղեկություն չունեմ: Այսինքն, մի բան եղել է, բայց մարմնական վնասվածք, առեւանգում չի եղել»: Ալիկ Սարգսյանը Երեւանի նախկին քաղաքապետի արարաքի մասին նաեւ ասել է. «Չի կարելի, նման մեթոդներով, հաշվեհարդարով որեւէ հարց պազելն անընդունելի է»: