Վերջին կադրային փոփոխություններում, ամենայն հավանականությամբ, այլ ենթատեքստ կա, որը տարբերվում է այդ որոշումների պաշտոնական դրդապատճառներից եւ նրանից, ինչ երեւում է մակերեսին: Ազգային Ժողովում  կայացած ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը՝ չնշելով, թե ինչ ենթատեքստ նկատի ունի:

Ընդ որում, նա ուրախությամբ նշել է այն փաստը, որ հայ հանրությունը, շունչը պահած, հետեւում էր տեղի ունեցող կադրային փոփոխություններին՝ անպատժելիության մթնոլորտի փոփոխություն ակնկալելով: «Այդ ամենը խոսում է այն մասին, թե որքան է լցվել մեր ժողովրդի համբերության բաժակը, որ հասարակությունն անհամբերությամբ սպասում է դրական փոփոխությունների»,- նկատել է Շահբազյանն՝ ընդգծելով, որ Հայաստանում գործում են ջունգլիների օրենքները եւ վիճելի հարցերի լուծման դեպքում մարդիկ դիմում են «ռազբորկաների ու անասնական միջոցների»:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակցին ծեծի ենթարկելու սկանդալային միջադեպից հետո:

Հաջորդ օրը եւս մեկ աղմկոտ պաշտոնանկություն գրանցվեց, աշխատանքից հեռացվեց նախարար Գեւորգ Դանիելյանը, ով ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, չէր պատժել «Էթիկայի նորմերի խախտում» թույլ տված ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանին: