«Օրինաց երկիրը» դատապարտում է վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի քաղաքական դաշտում՝ կապված պաշտոնատար անձանց կողմից էթիկայի նորմերի խախտումների հետ, եւ կարծում է որ նրանց վարքագիծը համարժեք պատասխան է ստացել: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Եթե մարդիկ ինչ-որ պաշտոններ են զբաղեցնում, պետք է իրենց համարժեք պահեն»,- ասել է Բիշարյանը՝ ուրախությամբ նշելով, որ հանրության հույսերն արդարացան, թե պաշտոնյաները կարող են պատժվել իրենց պահվածքի համար:
Նա նշել է նաեւ, որ վերջին կադրային սկանդալներում չպետք է փնտրել խորը քաղաքական ենթատեքստ:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակցին ծեծի ենթարկելու սկանդալային միջադեպից հետո:
Հաջորդ օրը եւս մեկ աղմկոտ պաշտոնանկություն գրանցվեց, աշխատանքից հեռացվեց նախարար Գեւորգ Դանիելյանը, ով ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, չեր պատժել «Էթիկայի նորմերի խախտում» թույլ տված ԴԱՀԿԾ պետ Միհրան Պողոսյանին:





























