Առայժմ քաղաքական որոշում չկա, թե ով է հավակնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնին Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Մեկնաբանելով տեղեկությունները, թե ներկայումս բացի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանից քննարկվում են նաեւ այլ թեկնածուների անուններ, օրինակ՝ «Հայռուսգազարդի» նախագահ Կարեն Կարապետյանի եւ ավագանիում խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի, Սահակյանն ընդգծել է, թե այդ ցանկը կարելի է շարունակել մինչեւ անվերջություն:

Նա նշել է նաեւ, որ ներկայումս չի քննարկվում այլ պաշտոնանկությունների հարցը: «Եթե պաշտոնյաներից որեւէ մեկը պատշաճ վարքագիծ չի ցուցաբերում, նա համապատասխան գնահատականի է արժանանում նախագահի կամ վարչապետի կողմից»,- ասել է Սահակյանը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակցին ծեծի ենթարկելու սկանդալային միջադեպից հետո: