«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերքում է լրատվամիջոցների տարածած  տեղեկատվությունը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյւանին շտապեցրել է` «խորհուրդ տալով» արագորեն կողմնորոշվել` ում թեկնածությունն է կուսակցությունը սատարելու 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

ԱԺ-ի ելույթում ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Նման ուռճացումները չեն համապատասխանում իրականությանը, ու մենք` ինքներս էլ այդ մասին իմանում ենք լրատվամիջոցներից»:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  շտապեցրել է Գագիկ Ծառուկյանին գալիք ընտրություններին թեկնածուի որոշման հարցում: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն կոալիցիոն կուսակցություններից միակն է, ով 2013-ի գալիք նախագահական ընտրությունների ժամանակ իր գործողությունների մասին Սերժ Սարգսյանին դեռ չի տեղեկացրել: Սակայն, ըստ լրատվամիջոցների` Ծառուկյանը դեռ չի շտապում նման տեղեկատվությամբ հանդես գալ` սպասելով, որ մի տարի էլ անցնի: «Եթե Ծառուկյանը կորոշի չսատարել ներկայիս նախագահի թեկնածությունը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դուրս կհանվի կոալիցիայի շարքերից: Եթե կուսակցությունը հիմա նման հայտարարությամբ հանդես գա եւ խորհրդարանական ընտրություններից 2 տարի առաջ դուրս գա կոալիցիայից, ուրեմն` տանուլ կտա»,-արձանագրում են լրատվամիջոցները: