Հայ քաղաքական գործիչներն այն կարծիքին են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է առաջին հերթին հաշվի առնի հայ ժողովրդի կամքն ու բարեկեցությունը: Այդ մասին «Ղարաբաղ. խորը քննարկումներ» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի թիմը հարցազրույցներ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների առաջնորդների հետ: Հայաստանում LINKS-ի թիմը հարցազրույցներ է վերցրել 23 կուսակցությունից եւ 6 ՀԿ-ից, Ադրբեջանում՝ 22 կուսակցությունից եւ 16 ՀԿ-ից:

Կիրակոսյանը նշել է, թե կուսակցությունների մեծ մասը կարծում է, որ Ղարաբաղին անկախություն է անհրաժեշտ, իսկ որոշներն էլ պահանջում են անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բոլոր կուսակցությունները, թեեւ ոչ միաձայն, բայց աջակցում են հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մեծ մասը Մինսկի գործընթացին այլընտրանք չի տեսնում:

LINKS-ի գործադիր տնօրեն Դեննիս Սամմութի խոսքով, առաջնորդներից քչերն են հաշվի առնում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչության շահերը: