2011 թվականի պետբյուջեի ծախսային մասի 50 տոկոսն ուղղված է սոցիալական ծախսերին. սա թույլ է տալիս ասելու, որ հաջորդ տարվա բյուջեն, իսկապես սոցիալական է, դեկտեմբերի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը։

«Բյուջեի ծախսերի կեսն ուղղված է առողջապահությանը, սոցիալական ապահովությանը, կրթությանն ու բնապահպանությանը, ինչը շատ կարեւոր է։ Նույնիսկ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում համաշխարհային հանրությանն ու մանավանդ Ադրբեջանին ասում ենք, որ սոցիալական ուղվածության քաղաքականությունը մեր հիմնական գերկայությունն է։ Իմ կողմից նշված բոլոր ուղղություններում ծախսային հոդվածների աճի տեմպը երկու անգամ գերազանցում է Հայաստանի պետբյուջեի ընդհանուր ծախսերին։ Եթե եկող տարվա մեր ընդհանուր ծախսերն աճում են 7 տոկոսով՝ դառնալով 1 տրիլիոն 1 մլրդ դրամ, ապա այս ուղղության ծախսերի աճը շուրջ 2 անգամ բարձր է։ Դեռ տեւական ժամանակ, քանի դեռ չենք հասել այն մակարդակին, որ մեր նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները եւ նպաստները դառնան գոնե կենսաապահովման նվազագույն զամբյուղի համար համապատասխան գումարներ, այս ուղղվածությունն այլընտրանք չի ունենալու»,- ասաց Մինասյանը։

Անդրադառնալով բյուջեից պաշտպանական ոլորտին հատկացվող գումարների չափին՝ ՀՀԿ պատգամավորը նշեց. «Պաշտպանության բնագավառի պահանջները հոգալու համար 2011-ին կտրամադրվի 145 մլրդ դրամ»։