Վրաստանի արեւմուտքում՝ Աջարիայում, Գուրիայում եւ Սեմեգրելոյում, հորդառատ անձրեւները եւ հեղեղները խնդիրներ են ստեղծել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Քոբուլեթիի շրջանի 5 գյուղերում սողանքներ են գրանցվել։ Սողանքներ կան նաեւ Քոբուլեթին Գուրիայի վարչական կենտրոն Օզուրգեթիին միացնող մայրուղու վրա։
Հեղեղները քշել–տարել են գյուղերն իրար կապող կամուրջներն ու վնասել ճանապարհները։ Տարհանվել է 2 ընտանիք։ Քոբուլեթիի համայնքապետի տեղակալ Մալխաս Ռոմանաձեի խոսքով՝ սողանքները զոհերի եւ ավերածությունների պատճառ չեն դարձել, սակայն տուժել է 6 ընտանիք։
Օզուրգեթիի շրջանում բնակիչներն իշխանություններին մեղադրում են այն բանի համար, որ հեղեղի պատճառը հոսքագծերի անսարքությունն է եղել։


























