«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը տրամաբանական է համարում, որ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո Երեւանի քաղաքապետ կդառնա Տարոն Մարգարյանը: «Ես կանխատեսումներից հեռու եմ, բայց եթե փորձենք թվաբանական հաշվումներ կատարել, ապա տրամաբանական է, որ Տարոն Մարգարյանը կդառնա քաղաքապետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը հրաժարական էր ներկայացրել իր հետ կապված սկանդալային միջադեպից հետո: Այժմ քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ դեկտմբերի 13-ին Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրելու՝ քննարկելու քաղաքապետի թեկնածուների եւ նրանց ընտրության օրվա հարցը: Ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ «ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու եւ համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին»: