Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Երեւանից Թբիլիսի ուղեւորվող «Արմավիայի» օդանավը թռիչքը կատարել է նախատեսված ժամին՝ 17։35 րոպեին, սակայն մառախուղի պատճառով այն չի կարողացել վայրէջք կատարել Թբիլսիի օդանավակայանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան՝ միաժամանակ ավելացնելով, որ թռիչքը կիրականացվի այսօր:
«Թբիլիսիում վայրէջք չկատարելու պատճառով օդանավը վերադարձել է Երեւան։ Այսօր նախատեսվածի համաձայն, եթե, իհարկե, նորից եղանակային պայմանների հետ կապված կիքսեր չլինեն, «Արմավիայի» ինքնաթիռը 19։35-ին կրկին պետք է թռչի Թբիլիսի՝ երեկվա եւ այսօրվա իր բոլոր ուղեւորներով»,- տեղեկացրեց Նանա Ավետիսովան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 10-ի առավոտվանից հետաձգվել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի չվերթները:
Հետաձգվել են Բաքվի, Ստամբուլի եւ Եվրոպայի այլ երկրների չվերթները:
Նաեւ չի կարողացել վայրէջք կատարել «Արմավիայի» Երեւանից մեկնած օդանավը:




























