Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը վերջերս տեղափոխվել է ընդհանուր խուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը: Կալանավորվելուց հետո Արկադի Քոչինյանը երկար ժամանակ պահվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում, քանի որ մտահոգություններ կային նրա անվտանգության առումով:
Նշենք, որ այս գործով կալանավորված 3 անձնաց վերջերս հարցաքննել են, սակայն, պաշտպանները նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ մանրամասներ չեն հաղորդում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ անձանց կողմից՝ պատվերով, անձի (Դոն Պիպոյի) սպանության նախապատրաստության, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մայիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել 3 հոգու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քննությամբ պարզվել է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով խմբի անդամներին գումար տրամադրած անձի ինքնությունը, եւ որ խմբի անդամների միջեւ հաղորդակցությունն ապահովելու նպատակով օգտագործվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտեր։


























