ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանն անդրադարձել է այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կեսօրին Ալեք Մանուկյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի հարեւությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Այսօրվա դեպքի կապակցությամբ. ԵՊՀ այն ուսանողները, որոնք հանգիստ դիտում էին, թե ինչպես են, թող ներվի ասել, 7-8 մարդակերպ գետին ընկած իրենց ընկերոջը կամ պարզապես հասակակցին ոտնատակ արել ու ծեծում (մեկի ձեռքին անգամ մահակ կար), այլեւս պետք է դադարեն իրենց անձի նկատմամբ տարրական հարգանք ակնկալելուց:
«Տղեք», այդ «քաջերին» ուղղված իմ հոխորտանքերն ու սթափեցնող-վիրավորական արտահայտությունները, որոնք ծանր հետեւանքները կանխելու նպատակ ունեին եւ, բարեբախտաբար, ունեցան, նույն չափով ձեզ են վերաբերում, չի կարելի այդչափ անտարբեր լինել, դուք ո՞նց եք հետագայում համակարգ ու անգամ փոքր ստորաբաժանում ղեկավարելու, դուք ընդհանրապես ինչպե՞ս, ի՞նչ բարոյական իրավունքով եք դիտողություն անելու ձեր զավակներին: Խնդրում եմ, մտածեք...»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի հարեւությամբ, այսօր կեսօրին մի քանի տասնյակ ուսանողների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Մինչ ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելը, ըստ ականատեսների, վիճաբանության մասնակիցները հեռացել են: Տեղեկություններ կան, որ միջադեպին մասնակցել են ֆիզկուլտինստիտուտի ուսանողները:
Հատկանշական է, որ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք նման ահազանգ չեն ստացել:


























