Վերաքննիչ դատարանն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, մերժել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի շահերի պաշտպանի բողոքը: Մնացական Ղազարյանը վերաքննիչ բողոքով պահանջում էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ նրան ազատ արձակել: NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ Գայանե Գալոյանը բողոքի քննությանը ներկա չի եղել, քանի որ առողջական ծանր վիճակով գտնվել է քաղաքացիական հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում:
Փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքից ենթադրվում է, որ Գալոյանը հանցակից է եղել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:


























