Երեւանում սեպտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում 27-ամյա Արթուր Ե.-ն Բաղրամյան պողոտայի 47 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 82 AA 028 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault Logan մակնիշի 535 LD 61 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հարվածի հետեւանքով Renault-ը առաջ է ընթացել, բախվել մայթեզրի բետոնե հատվածին եւ հայտնվել կանաչ զանգվածում, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող 66-ամյա Աշոտ Աբրահամյանը տեղում մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով, մահացածն աշխատում էր «Արքայորդի» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, ավտոմեքենան էլ շահագործվում էր որպես տաքսի, եւ նա ավտոմեքենայի մեջ քնած է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական վթարը։