2016թ. դեկտեմբերի 25-ին Կապանի բժշկական կենտրոնում ծննդկանի եւ նորածնի մահվան գործով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական կրկնակի փորձաքննություն:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ծննդկանի մահվան մասին աhազանգն ստացվել է 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունից առ այն, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մահացած պտղի ծննդաբերությունից հետո առաջացել է ծննդկանի մահը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, ծննդկանը ճանաչվել է տուժող, իսկ վերջինիս հայրը՝ տուժողի իրավահաջորդ:
Նախաքննության ընթացքում առգրավվել է տուժողի հիվանդության պատմագիրը, հարցաքննվել մի շարք անձինք, նրանց թվում՝ բժշկական կենտրոնի աշխատակիցները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։
2017թ. մարտի 2-ին ստացվել է ծննդկանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` վերջինիս մահը վրա է հասել հետծննդաբերական արյունահոսությունից՝ ծննդաբերության ընթացքում զարգացած՝ տարածուն ներանոթային մակարդման համախտանիշի հետևանքով: Իսկ մարտի 16-ին՝ պտղի դիակի դատաբժշկական փորձաքննության ստացված եզրակացության համաձայն` իգական սեռի պտղի մահը վրա է հասել ներարգանդային հիպօքսիայից:
Մարտի 3-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ բժշկական օգնություն իրականացրած անձանց եւ ծննդկանի մահվան միջեւ պատճառական կապի առկայությունը պարզելու համար։ 2017թ. օգոստոսի 22-ին ստացվել է նշված փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ տուժողի՝ բժշկական կենտրոն ընդունվելու ժամանակ պտուղը եղել է մահացած։ Ըստ փորձագետների՝ կնոջ նկատմամբ հետազոտությունները կատարվել են ճիշտ, ժամանակին, ախտորոշումները եւ բուժումները կատարվել են ճիշտ եւ ժամանակին, սակայն դրանք չեն տվել ցանկալի դրական արդյունք եւ առաջացել է պոլիօրգանական անբավարարություն՝ առաջացնելով մահ։
Վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ լիովին չեն արտացոլվել եւ կասկածի տեղիք են տալիս բժշկական կենտրոնի առանձին բուժաշխատողների գործողությունները, ուստի օգոստոսի 31-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական կրկնակի փորձաքննություն՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու, քրեական գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով:


























