Վանաձորի բժշկական կենտրոնի շինհրապարակում 2016թ. դեկտեմբերի 7-ին շինարարի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆիլիշին» ընկերության երկու աշխատակցի:
Նախաքննությամբ պարզվել է, որ շինարարական աշխատանքների ղեկավարներ Անդրանիկ Հակոբյանն ու Սուրեն Կարապետյանը խախտել են աշխատանքի պաշտպանության կանոնները, ինչի հետեւանքով հարդարող Արմեն Ս.-ն ընկել է վերելակի հորը և ստացած վնասվածքներից տեղում մահացել:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: Հակոբյանն ու Կարապետյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Գործով հայտարարվել է նախաքննության ավարտ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ում 2016թ. դեկտեմբերի 7-ին ժամը 19.49-ին տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նոր կառուցվող բժշկական համալիրի շինհրապարակում` վերելակի մոտակայքում՝ փոսի մեջ, քաղաքացի կա ընկած: Պարզվել է, որ 38-ամյա Արմեն Ս.-ն ընկել է 1-ին հարկի բետոնե հորանը (մոտ 1,5 մ): Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ս.-ի դին:


























