Ադրբեջանի իշխանությունները անտեսում են Եվրոպայի խորհրդի պահանջները. Իլգար Մամեդովի փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել իր պաշտպանյալի հետ: Turan-ը հաղորդում է, որ փաստաբանն իր վկայականը հանձնելուց հետո ստիպված է եղել մոտ 50 րոպե սպասել: Այնուհետ փաստաթղթերը վերադարձրել են՝ ասելով, որ փաստաբանի սենյակը զբաղված է եւ առաջարկել են երկուշաբթի գալ:
Փաստաբանն առաջարկել է հանդիպման համար այլ սենյակ տրամադրել, սակայն իրավապահները չեն արձագանքել: «Այս ամենը փաստաբանի եւ Իլգար Մամեդովի իրավունքների խախտում է: Ես իրավունք ունեմ ցանկացած ժամանակ հանդիպել իմ պաշտպանյալի հետ», - ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը Ադրբեջանում ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկն է, որի ազատությունն են պահանջում Եվրոպայի խորհուրդն ու բազմաթիվ միջազգային կազմակերպություններ:
Իշխանությունները նրան բանտում են պահում՝ անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Այդ պատճառով Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարց է բարձրացրել:




























