Ալկոհոլային արտադրանքի վաճառքով զբաղվող «Լուդինգ ՍՊԲ» ընկերության մասնաճյուղերից մեկի տնօրենի՝ Արա Խաչատրյանի սպանությունը չի ազդի այդ ընկերության եւ Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատի միջեւ կնքված պայմանավորվածության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արարատ» կոմբինատի սեփականատար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Ինչ վերաբերում է տեղի ունեցած սպանության ազդեցությանը «Կրեմլյան մրցանակ» (Kremlin Award) կոնյակի արտադրության վրա, ապա, Գալստյանի հավաստմամբ, «Կրեմլյան մրցանակ»-ի արտադրությունն արդեն իսկ սկսված է եւ մոտ օրերս տեղի կունենա դրա պաշտոնական շնորհանդեսը:
Հարցին, թե Ծառուկյանն եւ Խաչատրյանը շա՞տ մտերիմ էին, Խաչիկ Գալստյանը դժվարացավ ասել՝ նշելով, թե իր ղեկավարի եւ Խաչատրյանի անձնական հարաբերությունների մակարդակի մասին տեղյակ չէ: Նա նաեւ դժվարացավ ասել, թե կմասնակցի՞ արդյոք Ծառուկյանը սպանված գործարարի հուղարկավորության արարողությանը, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ի երեկոյան, Ռուսաստանի մայրաքաղաքում ավտոմեքենայի մեջ գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել է Արա Խաչատրյանը, ով, ըստ Life News-ի, «Լուդինգ-ՍՊԲ» ընկերության գլխավոր տնօրենն էր: Ռուսաստանի դաշնային «Կրեմլյովսկի» առեւտրի տուն» ձեռնարկությունը, որը գտնվում է ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ, պայմանագիր է ստորագրել Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատի հետ՝ «Կրեմլյան մրցանակ» (Kremlin Award) կոնյակի թողարկման վերաբերյալ: Դրա համար կնքվել է համաձայնագիր Երեւանի «Արարատ» կոմբինատի եւ ռուսական ներկրող «Լուդինգ» ընկերության միջեւ:
Նշենք, որ «Լուդինգ ՍՊԲ»-ն հիմնադրվել է 1993-ին եւ հանդիսանում է Ռուսաստանում էլիտար ալկոհոլային խմիչքի խոշորագույն ներկրողներից մեկի պետերբուրգյան մասնաճյուղը: Այն հինադրել են երկու հայ գործարարներ՝ Արթուր Վարժապեըյանն ու Արմեն Շահնազարյանը: Հայաստանում «Լուդինգի» գործընկերը Երեւանի կոնյակի, գինու, օղու «Արարատ» կոմբինատն է: 2001-ից «Արարատ» կոմբինատի սեփականատեը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է:




























