Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարիներ առաջ իրականացրած ռասիստական-ֆաշիստական քաղաքականությունն այսօր արդեն կիրառվում է այդ երկրում  բնակվող ազգային այլ փոքրամասնությունների հանդեպ։ Դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Դա պարզորոշ նկատվում է ոչ միայն այդ երկրում նրանց հանդեպ վարվող քաղաքականությունից, այլ անգամ ԵԽ պաշտոնական կայքէջում տեղադրված, ազգային փոքրամասնությունների մասին ադրբեջանական զեկույցներում։ Այդ մարդկանց հանդեպ Ադրբեջանի պետական-պաշտոնական զեկույցն՝ իր բոլոր կետերով, ուղղակի ակտիվ թշնամանք է ոչ ադրբեջանցի եւ ոչ թուրքախոս էթնիկ կազմավորումների նկատմամբ։ Բացի այդ, խեղաթյուրված է ներկայացված տարածաշրջանի ողջ պատմությունը, մասնավորապես նշված է, որ հայերը 19-րդ դարում եկել եւ կոտորել են ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող մահմեդականներին։ Ցավալին, սակայն, այն  է, տրամաբանությունից դուրս այս հայտարարություններից հետո ՄԱԿ-ը եւ միջազգային մյուս կառույցները հետամուտ չեն լինում ճշմարտության վերականգնմանը եւ մակերեսորեն են վերաբերում ադրբեջանական կեղծիքին»,- ասաց նա:

Տիկին Խառատյանի խոսքով, նույնը կարելի է ասել նաեւ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մասով։ «Միջազգային հանրությունը հավատում է այդ երկրի այն հավաստիացումներին, թե լեզիները, ուդիները, թլիշները եւ ազգային այլ փոքրամասնությունները որեւէ խնդիր չունեն եւ հրաշալի են ապրում Ադրբեջանում, այնինչ այդ մարդիկ վախենում են բարձրաձայնել իրենց իրական վիճակի մասին։ ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն եւ այլ կառույցները, մի տեսակ, աչք փակելով այս երեւույթների վրա, կարծես դառնում են Ադրբեջանի լուռ դաշնակիցը։ Մինչդեռ պետք է հետեւողականություն ցուցաբերել, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի ազգային  փոքրամասնություններին կարող է սպառնալ մի ժամանակ այդ երկրում ապրած հայերի ճակատագիրը»,- ամփոփեց ազգագրագետը։