Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը կարծում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պետք է հեռացվի նաեւ ՀՀԿ շարքերից: Ներկայացնում ենք NEWS.am-ի հարցազրույցը նրա հետ:

Պարոն Պետրոսյան, հայտարարեցիք, որ «Գագիկ Բեգլարյանը թույլ է տվել ոհմակային գործողություն եւ խմբով ծեծի է ենթարկել իրենից փոքրահասակ մարդու, այն դեպքում, երբ ինքը բոյով-բուսաթով է»: Նման՝ ոհմակային գործողություն կատարելու ունակ մարդը տեղ ունի՞ ՀՀԿ-ում, եթե նկատի ունենանք, որ ՀՀԿ-ում էլ փոքրամարմին մարդիկ շատ կան եւ գուցե մի օր էլ նրանք հայտնվեն Բեգլարյանի ոհմակային գործողությունների թիրախում:

(Հարցը լսելուց հետո Պետրոսյանը մի պահ լռեց ու ոտքից գլուխ նայեց ինքն իրեն՝ չափելով սեփական բոյը-խմբ.)

Առաջին օրը լուր տարածվեց, որ բացի հրաժարականի դիմում գրելուց Բեգլարյանը նաեւ հեռացվել է ՀՀԿ-ից: Չգիտեմ, թե դա համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Նախագահը կվերադառնա արտասահմանից եւ կպարզվի այդ հարցը: Կուսակցության ղեկավարությունը առաջին հերթին պետք է այս հարցը բարձրացնի, եւ նոր բերի ՀՀԿ խորհուրդ, որի անդամ եմ նաեւ ես: Իմ կարծիքով Բեգլարյանը պետք է կուսակցությունից էլ հեռացվի, պիտի դատի էլ տրվի: Իրոք, դեպքը տեղի է ունեցել: Եթե տուժողը հրաժարվում է հայտարարություն տալ, քրեական գործ կարող է չհարուցվել, բայց կուսակցությունը պետք է իր վերաբերմունքը հայտնի տեղի ունեցածի հանդեպ:  

Հնարավոր համարո՞ւմ եք, որ մի օր էլ Ձեզ կամ մեկ այլ կուսակցական գործչի առեւանգեն եւ ծեծ ու ջարդի ենթարկեն:

Հնարավոր ա, ամեն ինչ էլ հնարավոր ա էս աշխարհում: Կարող ա էդպիսի դեպքեր էլի տեղի ունենան, ինքը չլինի, մեկ ուրիշը լինի:  

Իսկ կուսակցության կանոնադրությամբ ի՞նչ հիմքեր են պետք կուսակցությունից հեռացվելու համար:

Կանոնադրության մեջ կան կետեր: Առաջին, որ ինքն է դիմում՝ հրաժարվելով անդամությունից, կա կետ, որ կանոնադրությունն է խախտում եւ այլն, եւ այլն...

Մինչ այս եղե՞լ է դեպք, որ ՀՀԿ-ից որեւէ մեկը հեռացվի մարդ ծեծելու համար:

Մինչեւ հիմա էդպիսի դեպքեր չեն եղել: Ինչ որ ժամանակ առաջ հարցեր են բարձրացվել Սյունիքի մարզպետի հետ կապված: Նրա եղբայրը, որ բռնություն էր գործադրել եւ մարդ էր սպանել:  Բոլորը դատվեցին եւ խոսակցությունները դադարեցին:

Խոսակցություններ կան, որ Բեգլարյանի հեռացումը կարող է բացասաբար ազդել, քանի որ իշխանությունից խռոված մարդը կարող է իր շուրջը համախմբել մյուս խռովածներին եւ ընդդիմության դաշտում աշխատել  իշխանության դեմ:

Ես ի՞նչ իմանամ, թե նա ինչ կանի: Հնարավոր է՝ ձեր ասածն էլ անի, հնարավոր է, որ մնա լոյալ եւ զբաղվի իր բիզնեսով:

Պարոն Պետրոսյան, ու՞մ եք տեսնում Երեւանի նոր քաղաքապետի պաշտոնում:

Շրջանառվում է երեք հոգու անուն՝ Տարոն Մարգարյան, «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյան եւ ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյան: Կարծում եմ, որ Տարոն Մարգարյանը, ով առաջին տեղակալ է, ու ունի որոշակի իմիջ Երեւան քաղաքի բնակչության մեջ, արժանի է եւ իմ կարծիքով կարող է լինել քաղաքապետ: Մյուսներն էլ արժանի են, բայց Տարոնը փորձ ունի եւ երկար տարիներ աշխատել է թաղապետ եւ քաղաքին վերաբերող հարցերում մեծ փորձ ունի: Նա միաժամանակ նորմալ մարդ է: Այսինքն՝ հարաբերություններ չսրող, հանդուրժողականություն ցուցաբերող եւ արժանի է այդ պաշտոնը ստանձնելուն:

Զրույցը՝ Հեղինե Մանուկյանի