Այսօր՝ դեկտեմբերի 13-ին Կառավարության շենքի մոտ Հրազդանի բնակիչներն ու ՀԱԿ ակտիվիստները կրկին հավաքվել են՝ ակնկալելով ստանալ նոյեմբերի 22-ին Կառավարությանը հանձնված իրենց նամակի պատասխանը, որը խոստացվել էր տալ 10 օրից:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 25-ին ՀՀ Կառավարությունը որոշում էր կայացրել հանրային գերակա շահ ճանաչել Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական շրջանի շուրջ 85 հա հողատարածքը, որտեղ 1,5 հա հողակտոր ունի նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:

Նախորդ ակցիայի ժամանակ ՀՀ Կառավարության քաղաքացիների դիմում բողոքների քննման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հրապարակավ խոստացել էր նամակի պատասխանը տրամադրել դեկտեմբերի 8-ին: Բայց այսօր ակցիայի կազմակերպիչներին Ղազարյանն այլ բան ասաց. «Ես ձեզ ասացի, որ 10 օրից կլինի, բայց հիմա Դուք էլ կարող եք նայել համակարգչի մեջ, որ նամակի պատասխանի վերջնաժամկետը սահմանված է դեկտեմբերի 14-ին»: Եւ այսպես խաբելով` ՀՀ Կառավարությունը եւս մեկ օր երկարաձգեց նամակի պատասխանի ժամկետը:

Ակցիայի մասնակիցները տեղում որոշեցին հավաքվել վաղը` դեկտեմբերի 14-ին ժամը 15:00-ին` նամակի պատասխանը ստանալու համար: Եւ եթե Կառավարությունը բացասական պատասխան տա, ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի նախագահի նստավայր:

Նշենք, որ Կառավարության այս որոշման իրագործման դեպքում համայնքի շուրջ 136 բնակիչներ կզրկվեն իրենց սեփականություն հանդիսացող հողակտորից: Այդ հողատարածքի մի մասի սեփականատեր, քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը մտադիր էր այդ վայրում հիդրոէլեկտրակայան կառուցել եւ ուներ Կառավարության համապատասխան թույլտվությունը: