Ազգային անվտանգության խորհրդի` դեկտեմբերի 11-ին կայացած հերթական նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 2011-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը», որը գործողության մեջ կդրվի հանրապետության նախագահի հրամանագրով:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Բաղդասարյանն նիստում ասել է. «Փաստաթղթի ընդունմամբ, մեր երկրում ներդրվում է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման հստակ տեսլական. ծրագրի շրջանակում անհրաժեշտության դեպքում կարդիականացվեն առկա սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, ինչն էական նշանակություն ունի մեր զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու առումով: Ծրագրի հաստատմամբ Հայաստանում նաեւ զարկ կտրվի ռազմական արդյունաբերության զարգացմանը: Երեւանում ստորագրված «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի հիման վրա կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ, ինչը հնարավորություն կտա մի կողմից` զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերությունը, մյուս կողմից` խթանել մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը եւ ռազմական ոլորտում համագործակցության խորացումը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ»:
Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ՌԴ նախագահի` Հայաստան այցի ընթացքում ստորագրված արձանագրությունը, համաձայն որի երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը: Կողմերն արդեն ձեռնամուխ են եղել արձանագրության կետերի իրականացմանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներին, ԱԱԽ քարտուղարը նշել է. «Գագաթնաժողովի ընթացքում ընդունվել էին մի շարք կարեւորագույն որոշումներ, հանձնարարվել էր մշակել նորմատիվ իրավական փաստաթղթերի փաթեթ:
Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մենք կարողացանք ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակումը, եւ Մոսկվայում վավերացվեց 35 փաստաթուղթ, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի համար: ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարվեցին համապատասխան փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա հեշտացնել ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումն արտոնյալ պայմաններով: ՀԱՊԿ կանոնադրությամբ արձանագրվել է, որ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ ռազմական սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն տվյալ երկրին: Մենք կարողացանք կարեւոր առաջընթաց ունենալ այս համատեքստում սահմանափակ ձեւաչափով որոշումներ ընդունելու առումով. հստակեցվեց որոշումների ընդունման, արագ արձագանքման ստորաբաժանումների օգտագործման կարգը եւ բազմաթիվ այլ հարցեր»:
Քանի որ Հայաստանը ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների ձեւավորման նախաձեռնողներից ու ակտիվ մասնակիցներից մեկն է, գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացվել 2011 թվականի հոկտեմբերին այդ ստորաբաժանումների զորավարժություններն անցկացնել Հայաստանում: Շուրջ 20 հազարանոց զորախմբում ներգրավված են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները: Կմշակվի ՀԱՊԿ շրջանակում այդ ստորաբաժանումներն անհրաժեշտ սպառազինություններով եւ հանդերձանքով ապահովելու հատուկ միջպետական նպատակային ծրագիր:





























